Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընկերությունը օդից փող է սարքում

Ընկերությունը օդից փող է սարքում
23.11.2012 | 11:41

«Երևի ցախ վառենք, գազը ձեռք չի տալիս։ Մենք գուցե սոլյարկայի վառարան դնենք` գազից թանկ ոչ մի վառելիք չկա, այնպես որ, ինչ էլ վառենք, գազից էժան կնստի։ Էժան կլինի, որովհետև տվածը գազ չէ` օդը մղում են, ժողովրդի հաշվիչները հազարի վրա պտտեցնում, մեր գումարներով հարստանում, մեզ էլ տկլոր թողնում»,- այսպես մեր բնակչության գերակշիռ հատվածը, անգամ մայրաքաղաքի բնակչության, գանգատվում է ոչ միայն տարեցտարի աճող գազի գնից, այլև որակից, որը բացասաբար է անդրադառնում սպառողի գրպանին։

Այն, որ սպառողներն իրավացիորեն են դժգոհում գազի որակից և գնից, կասկած չկա, քանի որ յուրաքանչյուրս իր մաշկի վրա զգում է այն։ Գաղտնիք չէ, որ հաշվիչներն ավելի արագ են պտտվում, իսկ գազի որակն ավելի ցածր է լինում։ Դա ակներև է, և յուրաքանչյուր սպառող կարող է դա փաստել։ Սակայն կա մեկ այլ խնդիր. այդ հանրահայտ ճշմարտությունն անընդունելի է «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից։ «Գազի որակը, խտությունը գրեթե ամեն օր ենթարկվում է լաբորատոր ստուգման։ Արդյունքները փաստում են, որ գազի որակը համապատասխանում է սահմանված չափանիշներին»,- հավաստիացնում են «ՀայՌուսգազարդ»-ում և հավելում, որ խորհրդային ժամանակների համեմատ այսօր մատակարարվող գազի որակն ավելի բարձր է։
Նկատենք, որ սա այն դեպքերից է, երբ հանգիստ կարելի է ասել` «ՀայՌուսգազարդը» յոթ երգ ունի, յոթն էլ նույն բանի մասին է։ Արդեն հինգ տարուց ավելի Հայաստանի ամբողջ բնակչությունը դժգոհում է, բղավում է մատակարարվող գազի ցածրորակության և դրա արդյունքում գումարներ աշխատելու մասին, սակայն ընկերությունն անդրդվելի է իր պնդումների մեջ։ Կարելի է անգամ չդիմել այս ընկերությանը նշված խնդրի շուրջ պարզաբանում ստանալու համար` նրա փոխարեն անգիր կարելի է պատասխանել, քանի որ այլ պատասխան նրանցից ստանալ անհնարին է։ Իսկապես, ի՞նչ իմաստ ունի դիմելու «ՀայՌուսգազարդին», եթե մատակարարողն էլ է ինքը, վերահսկողն էլ։ Իհարկե, այս դեպքում ընկերության ղեկավարությունը հեշտությամբ մեծ-մեծ «կբրդի» և կապացուցի, որ որակյալ գազ է մատակարարում։ Սակայն եթե այդ նույն մատակարարվող գազի որակն անկախ փորձաքննության ենթարկվի, ապա կպարզվի, որ իսկապես ընկերությունը բնակչությանն օդ է վաճառում։ Ի դեպ, նման մի դեպքի մասին վերջերս նշվեց հեռուստաեթերից. գործարարն ապացուցել էր, որ ջերմատանը մատակարարվող գազի որակը ցածր է եղել, իսկ հաշվիչը հսկայական գումարներ է ֆիքսել։ «ՀայՌուսգազարդը» պարտքի դիմաց գազազրկել էր ընկերությանը, գործարարն էլ խնդիրը որոշել էր լուծել դատական կարգով։ Այժմ դրված է գործարարի վնասը փոխհատուցելու հարցը «ՀայՌուսգազարդի» կողմից։
Նշենք, որ սա ոչ միայն ուսանելի օրինակ է, այլև ապացուցում է ժողովրդի, այսինքն` գազ սպառողի իրավացիությունը, «ՀայՌուսգազարդի» կողմից ժողովրդին «կթելու» և օդից փող սարքելու վերաբերյալ պնդումները։ Ասում ենք` «օդից», բայց նկատենք, որ այն գումարները, որ սպառողը վճարում է «ՀայՌուսգազարդին», բոլորովին էլ օդից չի աշխատում, ինչպես նույն այդ ընկերությունը։ Սպառողների մեծ մասը, հաճախ վերջին կոպեկները հավաքելով, իրեն ինչ-որ բանից զրկելով` գազի վճարում է կատարում։ ՈՒրեմն ինչո՞ւ է մեր պետությունը թույլ տալիս, որ «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը թալանի իր ժողովրդին։ Ինչո՞ւ այս ոլորտում չեն տարանջատվում մատակարարողն ու վերահսկողը։ Ինչո՞ւ մի ընկերությունում կարելի է նպաստել ստվերի զարգացմանը, իսկ մյուսներում` ոչ, ինչո՞ւ... Հարցեր, որոնք առնչվում են ոչ միայն նշված խնդրին, այլև գազի գնի գոյացմանը, ինչի մասին կխոսենք առաջիկայում։ Իսկ այժմ փաստենք, որ նշված ընկերության կողմից իրականացվող քաղաքականությունը բոլորովին չի նպաստում պետություն-հասարակություն կապի վստահեցմանը։ Նկատենք, որ գազի գինը և որակը դժգոհության լուրջ ալիք են առաջացրել բնակչության մեջ, և այս խնդիրն առաջիկա նախագահական ընտրություններում իրեն զգացնել կտա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ